ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՕՍԱԱՖ-ի ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ
20-րդ դարի 20-ական թվականներին՝ քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, Խորհրդային Կառավարությունը խնդիր դրեց ներգրավել աշխատավոր լայն զանգվածներին ռազմական շինարարության ռազմական գիտելիքների տարածման, զանգվածային պաշտպանական կազմակերպությունների ստեղծման գործին: 1920-1926թթ. այդպիսի կամավոր հասարակական կազմակերպություններ էին.
- ՌԳԸ — ռազմագիտական ընկերությունը,
- ՕՆԲԸ -օդային նավատորմի բարեկամների ընկերությունը,
- ԴՕԲՐՕՔԻՄ -պաշտպանության կոմիտեի և քիմիական արդյունաբերության բարեկամների ընկերությունը,
- ԱՎԻԱՔԻՄ -ավիացիոն քիմիական շինարարության բարեկամների միությունը:
1921 թվականի հուլիսի 21-ին Հայաստանի կոմերիտմիության կենտկոմին կից ստեղծվում է ռազմական պարտադիր ուսուցման աշխատանքները ղեկավարող շտաբ:
1923թ. օգոստոսին ստեղծվեց Հայաստանի օդային նավատորմի բարեկամների ընկերությունը:
1924թ.` քիմիական պաշտպանության ընկերությունը:
1925թ. մայիսին հիմնադրվում է ռադիոսիրողների ընկերությունը, իսկ հայ ավիամոդելավարները սահմանում են համամիութենական հինգ ռեկորդ և նվաճում առաջնությունը հեռակա համամիութենական մրցումներում, որտեղ Ալիկ Դավթյանը գերազանցում է ամերիկյան ու գերմանական ավիամոդելավարների համաշխարհային ռեկորդները:
1925 թվականին էլ ստեղծվեց ավիաքիմիական ընկերությունը` ԱՎԻԱՔԻՄ-ը:
1927թ. հունվարին հիմնադրվում է հայրենական պաշտպանությանն աջակցող ընկերությունը` ՊԱՋԸԱՎԻԱՔԻՄ-ը (պաշտպանությանը, ավիացիոն և քիմիական շինարարությանը աջակցող ընկերությունը):
1927թ. հունվարին ԱՎԻԱՔԻՄ-ի համամիութենական համագումարի և ՊԱՋԸ կենտրոնական խորհրդի պլենումի համատեղ նիստում որոշում ընդունվեց այդ կազմակերպությունները միավորելու և ԽՍՀՄ պաշտպանությանն աջակցող ընկերություն և ավիացիոն քիմիական շինարարության բարեկամների միություն՝ ՊԱՋԸԱՎԻԱՔԻՄ ստեղծելու մասին: ՊԱՋԸ ԱՎԻԱՔԻՄ-ի առջև խնդիր էր դրվում ընկերության անդամ լայն զանգվածներին սովորեցնել այն, ինչ պահանջվում է իմանալ պատերազմի ժամանակ: Ընկերությունը պետք է դառնար բանակի պահեստազորը: Նախապատերազմյան տարիներին հանրապետությունում ստեղծվել և համալրվել էին նոր ռազմաուսումնական կենտրոններ՝ դպրոցներ, ջոկատներ:
1933թ. տեղի է ունենում Երևանի օդանավակայանի հանդիսավոր բացումը, բացվում է նաև օդագնացների ակումբը` աէրոակումբը:
1935թ. երևանցի Նինել Ղարաջյանն առաջի կին օդաչուն և պարաշյուտիստուհին էր Հայստանում: Նա մասնակցել է բազմաթիվ մրցումների, տարել բազմաթիվ հաղթանակներ: Նրա մասին շատ է գրվել միութենական և միջազգային մամուլում: «Աշխարհի մեկ օրը» (1935թ. սեպտեմբերի 27-ը) գրքում, որի ստեղծման նախաձեռնողներն են եղել Մաքսիմ Գորկին և հրապարակախոս Միխաիլ Կոլցովը, նշված է հայ հերոսուհի Ղարաջյանի օդաչուական սխրանքը:
1937թ. Երևանի ավտոմոտոակումբի նախաձեռնությամբ սկսեցին գործել 3-րդ կարգի ավտովարորդների (առանց արտադրությունից կտրվելու) պատրաստման դասընթացները, որտեղ առաջին անգամ ընդգրկվեցին 5 կանայք:
1948թ. ՊԱՋԸԱՎԻԱՔԻՄ-ը լուծարվում է, նրա փոխարեն ստեղծվում են երեք կամավոր ընկերություններ:
- ԽՍՀՄ Նախարարների խորհրդի 1948թ. հունվարի 16-ին թիվ 77 որոշումով ստեղծվում է ԴՕՍՖԼՕՏ-ը՝ Նավատորմին աջակցող կամավոր ընկերությունը:
- Բանակին աջակցող կամավոր ընկերություն-ը՝ ԴՕՍԱՐՄ-ը, կազմակերպվել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի 1948թ. փետրվարի 18-ի թիվ 132 որոշմամբ:
- Նույն օրերին կազմակերպվել է նաև ԴՕՍԱՎ-ը՝ ավիացիային աջակցող կամավոր ընկերությունը:
Վերոնշյալ երեք ընկերությունների ղեկավար մարմինները՝ բյուրոները, 1949թ. հունիս-հուլիս ամիսներին վերանվանվել են հանրապետական կոմիտեներ:
ԽՍՀՄ նախարարների խորհրդի 1951թ. օգոստոսի 20-ի որոշմամբ ԴՕՍԱՐՄ-ի, ԴՕՍԱՎ-ի և ԴՕՍՖԼՕՏ-ի միավորմամբ ստեղծվում է ԴՕՍԱԱՖ-ը՝ բանակին, ավիացիային և նավատորմին աջակցող կամավոր ընկերություն: ՀԿ(բ)Կ Կենտրոնական կոմիտեի բյուրոյի 1951թ. սեպտեմբերի 3-ի որոշմամբ երեք ընկերությունների միավորման կազմակերպչական միջոցառումների անցկացման համար ընտրվում է ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի կազմբյուրո: ՀԽՍՀ նորաստեղծ ԴՕՍԱԱՖ-ի կազմկոմիտեի նախագահի 05.09.1951թ. թիվ 1 հրամանով վերոնշյալ երեք ընկերությունների գործունեությունը ՀԽՍՀ տարածքում դադարեցվում է, ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի կազմկոմիտեն 1951թ. դեկտեմբերի 17-ից կոչվել է հանրապետական կազմկոմիտե, 1954թ. հունվարից՝ հանրապետական կոմիտե, այնուհետև՝ կենտրոնական կոմիտե.
- ԴՕՍԱԱՖ-ի կազմակերպությունները ապահովում էին ընկեորության անդամների ակտիվ մասնակցությունը պաշտպանական-զանգվածային աշխատանքին, դաստիարակում նրանց հայրենասիրության և հայրենիքին նվիրվածության, հայրենիքի պաշտպանությանը մշտական պատրաստության ոգով,
- աշխատանք էին կատարում երկրի զինված ուժերում ծառայությանը երիտասարդներին նախապատրաստելու ուղղությամբ,
- Իրականացնում էին երկրում տեխնիկական և ռազմակիրառական մարզաձևերի զարգացման ղեկավարումը,
- Մասնակցում էին ժողովրդական տնտեսության համար ռազմակիրառական նշանակություն ունեցող զանգվածային տեխնիկական մասնագետների պատրաստմանը,
- Ակտիվորեն աջակցում էին քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անցկացմանը:
ԽՍՀՄ փլուզումից և ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի վերակազմավորումից հետո, ելնելով ՀՀ Անկախության Հռչակագրի դրույթներից, հանրապետության համար նորօրյա պայմաններով թելադրված կենսական անհրաժեշտություն ներկայացնող պաշտպանական խնդիրներից, հաշվի առնելով անկախ պետականության սկզբունքների հետ առընչվող հիմնահարցերը՝ 1991թ. նոյեմբերի 20-ին կայացած ՀՀ ԴՕՍԱԱՖ-ի 4-րդ արտահերթ համագումարը որոշում է՝ ՀՀ ՊՄՏԸ-ն հռչակել որպես ինքնուրույն հասարակական կազմակերպություն: Այն հանդիսանում է ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի իրավահաջորդը, ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցվել է 1992թ. հուլիսի 1-ին: 2001թ.ՀՀ ՊՄՏԸ-ն վերանվանվում է ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպություն՝ ՀՀ ՊՄՏ ՀԿ:
ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական ընկերության (հետագայում՝ հասարակական կազմակերպության) հիմնական նպատակներն են. - մասնակցությունը քաղաքացիների հայրենասիրական դաստիարակությանը,
- աջակցությունը տեխնիկական, կիրառական ու ավիացիոն մարզաձևերի երիտասարդության տեխնիկական ստեղծագործության զարգացմանը,
- զինվորական մասնագիտությունների գծով քաղաքացիների ուսուցմանը,
- ժողտնտեսության համար զանգվածային տեխնիկական մասնագիտությունների կադրերի պատրաստմանը:
Վերոնշյալ նպատակներին հասնելու համար ՀՀ ՊՄՏԸ-ն՝ գործող օրենքին համապատասխան և սահմանված կարգով, լուծում է հետևյալ խնդիրները. - մասնակցել հանրապետական և մարզային ծրագրերի կատարմանը, քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության միջոցառումներին, երիտասարդությանը աշխատանքին ու հայրենիքի պաշտպանությանը նախապատրաստելուն,
- պայմանագրային հիմունքներով իրականացնել ՀՀ զինված ուժերի համար ռազմատեխնիկական մասնագետների պատրաստումը,
- իրականացնել զանգվածային տեխնիկական մասնագետների պատրաստման աշխատանքները,
- օգնություն ցուցաբերել պետական մարմիններին ու նրանց հիմնարկներին փրկարար աշխատանքների կազմակերպման ու անցկացման, տարերային աղետների և արտակարգ այլ պատահարների հետևանքների կանխարգելման ու վերացման գործում, մասնակցել ավիացիոն տեխնիկական ու կիրառական մարզաձևերով մասնագիտացած ՀՀ ՊՄՏԸ անդամ-մարզիկների պատրաստմանն ու շահերի պաշտպանությանը,
- քարոզել ՀՀ ՊՄՏԸ գործունությունը սպորտի նվաճումները, մասնագիտական գիտելիքներն ու փորձը, մասնակցել մարզական փառատոների, ներկայացումների, ցուցահանդեսների, սեմինարների, համաժողովների կազմակերպմանը:
ՀՀ ՊՄՏ ՀԿ 12-րդ արտահերթ համագումարը 2011թ. հունիսի 30-ին որոշում է ընդունում ՀՀ ՊՄՏԸ-մ վերանվանել «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական կազմակերպություն ՀԿ («Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ):