ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ԻԼՅԱ
ԱԼԵՔՍԵԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ
(1974-1984)
Իլյա Ալեքսեի Բաղրամյանը ծնվել է 1928թ. հոկտեմբերի 4-ին Շամխորի շրջանի Չարդախլու գյուղում: Նա փառապանծ զորավար Հովհաննես Բաղրամյանի եղբոր որդին էր: 1943թ. 15 տարեկան հասակում կամավոր զինվորագրվել է և ընդունվել Բաքվի ռազմական ուսումնարանը և ավարտել 1945թ.: 1959թ. ավարտել է Մ. Ֆրունզեի անվան և 1969թ. Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիաները: Ծառայել է լատիշական հրաձգային դիվիզիայում, ԳԴՀ խորհրդային զորախմբերում (5 տարի եղել մոտոհրաձգային գնդի հրամանատար), Միջին Ասիայի և Անդրկովկասյան ռազմական
օկրուգներում:
1969-1973թթ. եղել է Լենինականի հրաձգային դիվիզիայի հրամանատար: 1971թ. ստացել է գեներալ-մայորի կոչում: 16.11.1973թ. ընտրվել է ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի ԿԿ նախագահ և 19.11.1973թ. գործի է անցել ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի ԿԿ նախագահի պաշտոնում: ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի 8-րդ գումարման դեպուտատ էր: Մահացել է 1997թ. մայիսի 7-ին: Իլյա Ալեքսեի Բաղրամյանը մեծ ներդրում է ունեցել ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի կատարելագործման և զարգացման գործում: Նա շատ հետևողական էր ինչպես ուսումնական գործընթացի նկատմամբ, այնպես էլ սպորտի զարգացման ուղղությամբ: Հաճախ նա անձամբ էր ստուգում ուսումնական գործընթացը ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի բոլոր կազմակերպություններում: Նրա օրոք ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի բազմաթիվ մարզիկներ դարձան միջազգային կարգի սպորտի վարպետներ և մեծ թվով մարզիկներ էին մասնակցում աշխարհի և համամիութենական մրցումների, ՀԽՍՀ ժողովուրդների սպարտակիադաներին:
Ամուսնացած էր, ուներ դուստր և որդի: Որդին` Արթուրը, ծնվել է 1966թ. Գերմանիայի Հալե քաղաքում, 1981թ. ընդունվել է Մոսկվայի Սուվորովի անվան ռազմական ուսումնարան, որն ավարտել է 1983թ., 1987թ. ավարտել է նաև Բաքվի բարձրագույն մոտոհրաձգային ռազմական ուսումնարանը, 1987-1992թթ. ծառայել է ԽՍՀՄ զորքերում, տեղափոխվել է հայկական բանակ, ծառայելով տարբեր պաշտոններում, 2004-ին՝ ստացել է գնդապետի կոչում, 2005-2009թթ. եղել է Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան մոտոհրաձգային ուսումնական բրիգադի հրամանատար, մինչև 2014թ. եղել` 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, 2014-ից առ այսօր Երևանի Մաշտոցի զինվորական կոմիսարն է: