ԱՐՏԱՇԵՍ ԱՎԱԳԻ ՂԱԶԱՐՅԱՆ
(23.11.1956-1974)
Ծնվել է Կապանի տարածաշրջանի Վերին Խոտանան գյուղում 1903թ. մայիսի 5-ին: Սովորել է Շուշի քաղաքի դպրոցում, այնուհետև Բաքու քաղաքի ուսումնարանում:
1918թ. ծառայել է տեղի Կարմիր բանակի շտաբում որպես ռազմադաշտային հեռախոսավար: 1920թ. կամավոր դարձել է հրաձգային գնդի կարմիր բանակային: 1920թ. ծառայել է Գորիսի Հայկական հրաձգային գնդի 3-րդ գումարտակի ստոաբաժանումում:
Այնուհետև, 1924թ. օգոստոսին ընդունվել է Հայկական Միացյալ ռազմական դպրոցի հեծելազորային
բաժին, իսկ հետագայում ուսումը շարունակել է Կրասնոդար քաղաքի հեծելազորային դպրոցում: Այն գերազանց ավարտելուց հետո 1927-ին ուղարկվել է հեծելազորային գնդի դասակի հրամանատար, 1930-ին նշանակվել է 2-րդ հեծելավաշտի (էսկադրոնի) հրամանատար:
Այն գերազանց ավարտելուց հետո 1927-ին ուղարկվել է հեծելազորային գնդի դասակի հրամանատար, 1930-ին նշանակվել է 2-րդ հեծելավաշտի (էսկադրոնի) հրամանատար:
Այդ տարիներին ստեղծվում է Հատուկ Հեռավոր Արևելյան կարմրադրոշ բանակը Բլյուխերի ղեկավարությամբ: 1931թ. Ա.Ա. Ղազարյանը նշանակվում է Առանձին հեծելազորային հետախուզական հեծելավաշտի հրամանատար և կոմիսար Բոչկարյով քաղաքում, (այժմ` Կույբիշևկա` Ամուրի երկրամաս): 1936թ. նրան փոխադրում են Պրիմորյեի բանակ:
1938թ. փոխադրում են Անդրկովկասյան ռազմական օկրուգ` զորքերի մարտական և ֆիզիկական պատրաստության վարչության պետ: Միաժամանակ ավարտում է Ֆրունզեի անվան Ռազմական ակադեմիայի բարձրագույն դասընթացը:
1941թ. դեկտեմբերին նշանակվում է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի շտաբի պետ և հրամանատարի առաջին տեղակալ, իսկ մինչ այդ նրան հանձնարարվել էր կազմավորել այդ դիվիզիան: Դիվիզիայի առաջին հրամանատարն էր Սեմյոն Զաքյանը: Դիվիզիայի կազմավորումն ավարտվեց 1942թ. հունվարին և այն արագ տեղափոխեցին Գրոզնի քաղաքի մոտակայքը: Հակառակորդի դեմ մարտերի մեջ մտան Թերեքի լեռնաշղթայով Պավլովսկ-Սունժենսկ հատվածում: Ֆաշիստական հրամանատարության հաջորդ քայլը խոշոր ուժերի կենտրոնացումն էր Մոզդոկ-Էլխետովո շրջանում Մալգոբեկ քաղաքի և Թերեքի լեռնաշղթայի գրավման համար: Գիշերային երթով դիվիզիայի ստորաբաժանումները ամուր դիրքեր գրավեցին Մալգոբեկ-Սագոպշինո-Վոզնեսենսկայա շրջանում ավելի քան 17 կմ երկարությամբ ռազմաճակատում: 89-րդ դիվիզիան այդ ժամանակ 13 հազար մարդ ուներ և ապահովված էր մարտական և նյութական ռեսուրսներով: Ֆաշիստական զորքերի զորամասերը 50-րդ հետևակային և ՍՍ «Վիկինգ» տանկային դիվիզիաների կազմում, ավիացիայի և հրետանու աջակցությամբ, ունենալով 250-ից ավելի տանկեր, անցան վճռական հարձակման: 89-րդ Հայկական դիվիզիան մղում էր ծանր պաշտպանական մարտեր, հակառակորդին մեծ կորուստներ պատճառելով և պատվով կատարելով իր խնդիրը, զրկելով հակառակորդին առաջխաղացումից Թիֆլիս-Բաքու ուղղությամբ: Մարտական գործողությունները հմուտ ղեկավարելո համար Ա.Ա. Ղազարյանը պարգևատրվել է «Կարմիր դրոշի» շքանշանով: 1943-ի հունվարին նշանակվել է 10-րդ Գվարդիական կորպուսի շտաբի պետ, իսկ հունիսին ուղարկվել Մոսկվա` բանակի գլխավոր շտաբի Ակադեմիայի 6-ամսյան դասընթացներին: 1944թ. մարտին նշանակվել է Բանակի ԳՇ զորքերի կազմավորման և ուսուցման վարչության 5-րդ բաժնի պետ: Աշխատանքի բերումով առնչվում էր ԳՇ պետ Ա.Ի. Անտոնովի և գեներալ-գնդապետ Ա. Ի. Սմորոդինովի հետ: 1948թ. Ա.Ի. Անտոնովին նշանակեցին Անդրկովկասյան զինվորական օկրուգի հրամանատար, իսկ Ա.Ա. Ղազարյանը դարձավ Անդրզինօկրուգի զորքերի մարտական և ֆիզիկական պատրաստության վարչության պետի առաջին տեղակալ: 1952թ. նշանակվել է Երևանում 7-րդ գվարդիական բանակի մարտական և ֆիզիկական պատրաստության բաժնի պետ: Ա.Ա. Ղազարյանը ԶՈւ ծառայեց ավելի քան 50 տարի: 1956թ. նոյեմբերի 23-ին նշանակվել է ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի ԿԽ նախագահ, ուր աշխատեց 17 տարի: Մահացել է 18.01.1990թ.: